Մոլեկուլային կենսաբանությունը ժամանակակից բնագիտության ամենից արագ զարգացող ուղղություններից մեկն է: Այն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմնի ժառանգականությունը, քիմիական միացությունների կառուցվածքը և ժառանգական տեղեկատվության փոխանցման նուրբ մեխանիզմները: Մոլեկուլային կենսաբանության ձեռքբերումների լայնամասշտաբ ներդրումը, որոնց մեջ գլխավոր տեղ է զբաղեցնում մարդու գենոմի անալիզը, թույլ է տվել բացահայտել կենդանի օրգանիզմների կենսագործունեության մոլեկուլային և գենետիկական մեխանիզմները:

Մոլեկուլային կենսաբանություն առարկայի դասընթացը հիմք է հանդիսանում կենսաբանական ցիկլի մի շարք առարկաների ընկալման համար ուսանող-կենսաբանների պատրաստման և որպես մասնագետի կայացման ընթացքում: Մոլեկուլային կենսաբանությունը սերտորեն կապված է կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի, կենսաօրգանական քիմիայի և մոլեկուլային գենետիկայի հետ և որպես բնագիտության նոր ճյուղ ունի ուսումնասիրության իր խնդիրներն ու առանձնահատկությունները։

Ծրագրի նպատակն է ծանոթացնել մոլեկուային կենսաբանության հետազոտման նորագույն մեթոդների հետ, որնոց միջոցով բացվում են մի շարք մոլեկուլային կենսաբանության ուղղություններ, ինչպիսիք են էպիգենետիկան, գեն թերապիան և այլն:

Ծրագրի խնդիրներն են՝ Մոլեկուլային կենսաբանության խնդիրն այդ երևույթների բնույթի ճանաչումն է, կյանքի բնորոշ արտահայտությունների (ժառանգականություն, ինքնավերարտադրություն, սպիտակուցների կենսասինթեզ, էներգիայի փոխարկումներ, աճ, զարգացում, շարժունակություն և այլն), կենսաբանական նյութերի (հիմնականում կենսապոլիմերների՝ սպիտակուցների և նուկլեինաթթուների) մոլեկուլների կառուցվածքով, հատկություններով ու փոխազդեցություններով պայմանավորված լինելու բացահայտումը, գենետիկական ինֆորմացիայի արտահայտումը գեների էքսպրեսիայով` տրանսկրիպցիայի և տրանսլյացիայի ընթացքում։